
Դեկտեմբերի 10-ին կբացվի դիզայներ Մերի Ստեփանյանի բրենդային խանութ-սրահը
Classy.am-ի թիմը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել էր «Իմպերիալ» հյուրանոցային համալիր, որտեղ տեղի էր ունենում «fashion talk» հանդիպում հայ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի հետ։ Միջոցառման ընթացքում Մերին պատմել է իր բրենդի պատմության, հաջողության, ոգեշնչման և աշխատանքային պրոցեսի մասին։
«STM» բրենդի հիմնադիր Մերին դեռ մանկուց սիրել է արվեստը, եղել է արվեստի ոլորտում։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։ Սկզբում ձևավորել և կարել է հագուստներ իր և իր մտերիմների համար։ Այնուհետև, հասկանալով, որ հագուստների դիզայնն իր համար ավելին է քան պարզապես զբաղմունք, որոշել է ուղին շարունակել հենց այս մոդելավորման ոլորտում։ Նա վերապատրաստվել է Լոնդոնում, և իր ընկերուհու՝ Լիզա Մարգարյանի օգնությամբ 2017թ դեկտեմբերին հիմնադրել է «STM» բրենդը։ Բրենդը շատ կարճ ժամանակում մեծ հաջողություններ է գրանցել և այժմ,բացի Հայաստանից, ներկայացվում է նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Համարձակ և դեկոնստրուկտիվ համադրությունների շնորհիվ բրենդը թելադրում է կանացիություն, սեքսուալություն և ինքնավստահություն։ «STM»-ն ունի ամենօրյա հագուստների և աքսեսուարների հավաքածուներ և ընդունում է երեկոյան և հարսանյաց զգեստների անհատական պատվերներ։ Հավաքածուները ստեղծելիս դիզայները հաշվի է առնում կտորների որակն ու տեսքը, կառուցվածքի և գույների թրենդերը։ Թրենդերին ծանոթանալու համար օգտվում է հայտնի գործակալությունների նյութերին, ինչպիսիք են «WGSN»-ը և «Trendzine»-ը։
Մերի Ստեփանյանի համար ոգեշնչման աղբյուր կարող են հանդիսանալ նույնիսկ ճարտարապետական գլուխգործոցները, որոնց մեջ օգտագործված դետալներն ու գծերը նա կարողանում է օգտագործել իր աշխատանքներում։ Մեկ այլ ոգեշնչման աղբյուր էլ ձեռքի աշխատանանքերն են, որոնք նա շատ հաճախ ներառում է իր դիզայնների մեջ։
Երեկոյի ընթացքում դիզայները պատմեց հայտնի բրենդերի արշավների մասին, որոնք թրենդի են վերածվել, օրինակ ֆեմինիզմի, բնության պահպանման, հոմոսեքսուալության քարոզչությունները։ Ոչ միտումնավոր կերպով, նա ևս միացել է այս թրենդին՝ թողարկելով զինվորական հագուստներ, որի վաճառքի ամբողջ հասույթն ուղարկվել է զինվորներին։ Հատկանշականն այն է, որ այս գաղափարը ստեղծվել է «STM» թիմի աշխատակիցներից մեկի որդուն օգնելու նպատակով, ով ծառայում էր հայոց բանակում։
«STM» բրենդի աշխատանքային թիմում աշխատում են 17 կանայք։ Արտադրամասում տիրում է առողջ և ուրախ աշխատանքային մթնոլորտ, չնայած երբեմն աշխատողները ստիպված են լինում քանդել ամբողջ հագուստն ու սկսել 0-ից՝ որակյալ հագուստ ստանալու համար։
Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ նրա դիզայնները կրկնօրինակում են, Մերին պատասխանեց․ «Իմ կարծիքով, երբ ինչ-որ մեկը իմ գործը համարում է այնքան արժանի, որ կրկնում է, դա կոմպլիմենտ է ինձ համար։ Իհարկե դա կարող է որոշ չափով խանգարել վաճառքին, սակայն դիզայների և բրենդի համար դա մեծ պատիվ է։ Աշխարհում այնքան լուրջ բրենդեր կան, ում կարելի է կրկնօրինակել, և երբ հենց քո սկսնակ բրենդն են կրկնօրինակում, իհարկե, հաճելի է»։
Իսկ վերջում Մերին հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին Թումանյան 33 հասցեում կբացվի իր բրենդային խանութ-սրահը։ Մինչ այժմ բրենդը գործում էր Մաշտոցի պողոտայում գտնվող atelier-showroom-ում։