
«Միսս Հայուհի 2018»․ Նախքան մրցույթի օրը բոլոր մասնակիցներն արդեն իմացել են հաղթողի անունը
Հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթը։ «Classy.am» կանանց ամսագիրը, չկարողանալով անտարբեր մնալ մայրաքաղաքում կայացած՝ գեղեցկությանը նվիրված միջոցառմանը, խոսել է «Միսս Հայուհի 2018» մրցույթի մասնակից Շուշան Գրիգորյանի հետ, ով ուսանում է «Հայաստանի Ամերիկյան Համալսարան»-ում՝ 2-րդ կուրսում։
Շուշանն, ով լավագույն տասնյակի շարքերում էր, «Сlassy.am»-ի հետ զրույցում, խոսելով մրցույթի անցկացման և բուն միջոցառման մասին, իր դժգոհոությունն է արտահայտել՝ նշելով, որ նախքան մրցույթի օրը բոլոր մասնակիցներն արդեն իմացել են հաղթողի անունը։
«Չգիտեմ, սա արդյոք բավական է մրցույթն արդար կամ անարդար որակելու համար, բայց նախքան մրցույթի օրը բոլոր մասնակիցներն էլ գիտեին հաղթողի անունը: Պատճառը այն չէր, որ նրան մեզնից ամենաարժանին էինք համարում: Կազմակերպիչները հաճախակի էին առանձնանում նրա հետ, ու առաջին օրվանից էլ վերաբերմունքն այլ էր: Ինքներդ էլ կարող եք եզրակացություններ անել»,-նշել է նա։
Մեր հարցին՝ թե ինչո՞ւ է որոշել մասնակցել մրցույթին, վերջինս նշել է, որ առհասարակ որոշումներ կայացնում է կամայականորեն: «Միսս Հայուհուն» մանակցելու որոշումն էլ այդպես ակնթարթային է եղել․ «Երկար չեմ մտածել, ոչ էլ խորհրդակցել եմ հարազատներիս հետ»:
Հարցին թե՝ «ի՞նչ տվեց ձեզ այդ մրցույթը», Շուշանը նշեց․ «Մրցույթն ինձ հասկացնել տվեց, որ կյանքը խաղ չէ, կան անարդարություններ: Հիմա ինձ ուժեղ մարդ եմ համարում, ով ավելի փորձառու է։․․․ Ակնկալում էի, որ մրցույթը կլինի արդար: Յուրաքանչյուր մասնակից կստանա այն ամենը, ինչին արժանի է: Բացի այդ, կարծում էի, որ «Միսս Հայուհի»-ն՝ անկախ պարտությունից կամ հաղթանակից, պետք է ինչ-որ ճանապարհ բացի: Բայց, ըստ երևույթին, մեր երկրում այս բնույթի մրցույթները անցկացվում են ինքնանպատակ»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կմասնակցի մեկ ուրիշ հայկական կամ միջազգային մրցույթի՝ նա նշել է, որ Հայաստանում մասնակցությունը բացառվում է, սակայն միջազգային մրցույթների կմասնակցի մեծ հաճույքով: