Ավե՜, Շա՛ռլ

Աշնան տաք քամին օրորում է սրճարանի սեղանին դրված ծաղիկները, որոնք տարուբերվում են բարձրախոսից հնչող «Ավե Մարիայի» ելևէջներին համահունչ: Այսօր Երևանի բոլոր անկյուններից հնչում է նա՝ բոլոր ժամանակների ամենահայ ֆրանսիացին: Շառլը չկա: Քաղաքի փողոցներում թևածում է լուռ ափսոսանքը, իսկ կորստի դառնությունը կոկորդում մեղմվում է ռոմի այրող համով, ավե՜ Մարիա: Շառլը գնաց…

Շանսոնի թեթևությամբ՝ բաժանման պահին երկրպագուների քիմքին իր ետևից թողնելով ֆրանսիական պարֆյումին հատուկ անանց ու եթերային բույրը, որը տխրեցնում է, բայց և ապրեցնում՝ արթնացնելով հուշեր ու ջերմ զգացումներ: Ավե՜, Մարիա: Շառլը մնաց: Շառլն անմահացավ՝ իր մարմնական փոքրությամբ ու մարդկային մեծությամբ, իր կայացած ֆրանսիականությամբ ու զգայական հայությամբ: Շառլն անմահացավ երգեցողությամբ, երգածի աստվածատուր զգացողությամբ ու ասելիքի անկեղծությամբ: Շառլն անմահացավ նրան ճանաչող ամեն մի հայի սրտում յուրովի՝ Գյումրվա փողոցներում, Սիրահարների այգում, Ծիծեռնակաբերդում, Արցախում…

Սիրո երգիչը գնաց սիրով ու սիրված: Ավե՜, Մարիա: Դժվար է ափսոսալ մի բանի համար, ինչը կանխորոշված է ու անխուսափելի: Շառլը եկել էր, որ գնար, ինչը հատուկ է երկրային կյանքում ապրող ցանկացած էակին: Բայց 94 տարիների կյանքը՝ լի ձեռքբերումներով, վայրիվերումներով, բուռն սերերով, ցավով ու երջանկությամբ, փառքով և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ, թողնում է միայն ժպտալ ու մրմնջալ՝ « Ավե՜, Շա՛ռլ»: Շա՛ռլ, մեր սիրելի՛ ֆրանսահայ, պատիվ է լինել քո ժամանակակիցը, ապրել քո երգերով, ապրեցնել քո երգերը: Գնացիր՝ չկատարելով միայն մի խոստումդ: Խոստացել էիր՝ հարյուրամյակդ նշել մեզ հետ՝ այստեղ, Երևանի սրտում: Բայց ոչինչ, վարպե՛տ, մենք քեզ ներում ենք: Հանգչի՛ր խաղաղությամբ՝ լույսի մեջ: Դու հավերժացել ես արդեն Երևանի ու ամեն հայի սրտում, և ոչ մեկ հարյուրամյակ, հավատա՛: Ավե՜, Մարիա: Ավե՜, Շառլ:

Հեղինակ՝ Յաշա Սոլոմոնյան