
Առողջ հարաբերություններ կառուցելու և պահպանելու գաղտնիքը
Եթե ցանկանում եք սիրել և սիրված լինել, ապա անհրաժեշտ է բացահայտել առողջ փոխհարաբերություններ կառուցելու և պահպանելու գաղտնիքը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր նախապայման առողջ ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար:
Միասին տետատետ ժամանակ անցկացրեք
Դուք սիրահարվում եք միմյանց նայելով և լսելով, և եթե շարունակեք նայել և լսել միմյանց, կկարողանաք երկար ժամանակ պահպանել ձեր զգացմունքները: Շատ զույգերի մոտ տետատետ շփումն աստիճանաբար փոխարինվում է հաղորդագրություններով և էլեկտրոնային նամակներով: Եվ թեև թվային հաղորդակցությունը լավ տարբերակ է առանձին դեպքերի համար, բայց, ի տարբերություն տետատետ շփման, այն բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա:
Պահպանեք լավ հաղորդակցությունը
Հաղորդակցությունը ցանկացած առողջ հարաբերությունների հիմքն է: Եթե դուք ձեր զուգընկերոջ հետ դրական զգացմունքային կապ ունեք, ապա ձեզ ապահով և երջանիկ եք զգում: Երբ մարդիկ դադարում են շփվել, դա բացասաբար է ազդում նրանց հարաբերությունների վրա, իսկ փոփոխություններն ու սթրեսները կարող են վերջնական բաժանության հանգեցնել: Սա կարող է շատ պարզունակ հնչել, բայց քանի դեռ դուք հաղորդակցվում եք, դուք կարող եք միասին հաղթահարել ցանկացած դժվարություն:
Պահպանեք ֆիզիկական շփումը
Հպումը մարդկային գոյության անբաժանելի մասն է: Ապացուցված է, որ մանկական տարիքում ջերմ հպումները չափազանց կարևոր են ուղեղի զարգացման համար: Սա վերաբերում է նաև հասուն տարիքին: Ֆիզիկական շփման արդյունքում օրգանիզմում աճում է օքսիտոցին հորմոնի մակարդակի: Հենց այս հորմոնն է պատասխանատու կապվածության զգացողության համար: Այսպիսով, հաճախակի ֆիզիկական շփումը՝ համբույրներն ու գրկախառնությունները, առանձնահատուկ կարևորություն ունեն:
Սովորեք «տալ» և «ստանալ»
Եթե ակնկալում եք, որ միշտ ստանալու եք ձեր ուզածը, ապա պատրաստ եղեք հիասթափության: Առողջ հարաբերությունները հիմնված են փոխզիջման վրա: Կարևորեք նաև ձեր զուգընկերոջ ցանկությունները, եթե մտադիր եք պահպանել առողջ հարաբերությունները:
Պատրաստ եղեք անկումների և վերելքների
Կարևոր է գիտակցել, որ ցանկացած հարաբերություններում էլ կարող են լինել անկումներ և վերելքներ: Տարատեսակ իրադարձությունները, ինչպիսիք են աշխատանքի կորուստը կամ առողջական խնդիրները, կարող են ազդել հարաբերությունների վրա: Պետք է հասկանալ, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, և թույլ չտալ, որ թյուրըմբռնումները վրդովմունքի և զայրույթի առաջացման պատճառ հանդիսանան:
Աղբյուր՝ helpguide.org