Գեղեցկությունն ընդդեմ կորոնավիրուսի

Գեղեցկության աշխարհը, ի թիվս բազում այլ ոլորտների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝զգալի վնասներ է կրում։

Սկզբում դադարեցվեցին մատուցվող ծառայությունները, այնուհետև ամբողջովին փակվեցին խանութները: Գեղեցկության սրահները, ինչպես նաև առցանց ամրագրման հարթակները ժամանակավորապես դադարեցրին իրենց գործունեությունը:

Այժմ այս ոլորտը առցանց գնումների միջոցով փորձում է ամեն կերպ մեղմել կորուստները։ Բազում ապրանքանիշեր սկսել են առցանց գնումներ անել, իսկ խոշորագույն ընկերությունները սկսել են կիրառել հաճախորդների հետ անմիջական կապի բիզնես մոդելը: Բայց արդյո՞ք դա բավարար է կորուստները վերականգնելու համար:

Ներկայացնում ենք որոշ «գործիքներ», որոնք գեղեցկության աշխարհն օգտագործում է կորոնավիրուսի դեմ պայքարում։

Հեռավար խորհրդատվություններ

Թեև առողջությունն ու գեղեցկությունը էլեկտրոնային առևտրի ամենաարագ զարգացող ոլորտներից են, այնուամենայնիվ, խանութների բացակայությունը մեծապես  ազդում է վաճառքի ծավալների վրա։

Կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր՝ գեղեցկության ապրանքանիշերը միջոցներ են փնտրում, որոնց օգնությամբ կկարողանան պահպանել հաճախորդների հետ անմիջական կապը։ Լավագույն տարբերակը թվային տեխնոլոգիան է, որը հնարավորություն է տալիս առցանց խորհրդատվություն մատուցել։

Մի շարք ապրանքանիշներ, ինչպիսիք են, օրինակ,  Kiehl’s-ը և Glossier-ը,  վիրտուալ խորհրդատվություն են մատուցում և ուղղորդում հաճախորդներին իրենց համապատասխան խնամքի միջոցների ընտրության հարցում։

Լոնդոնի մաշկի խնամքի կլինիկան ՝ Pfeffer Sal-ը, որը նաև սեփական խնամքի միջոցներն է թողարկում, այժմ սպառողներին առաջարկում է առցանց խորհրդատվություն մասնագետի կողմից: Կլինիկան նաև թողարկել է տնային պայմաններում կիրառման համար նախատեսված խնամքի միջոցներ, որոնք սպառողներին հնարավորություն են տալիս մաշկի պրոֆեսիոնալ խնամք իրականացնել տանը։

Հատկանշական է նաև, որ Bleach London ապրանքանիշն իր կայքում գործարկել է «Bleach Hair Party» հարթակը, որն, ըստ էության, թվային սրահ է։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրել մազերի ճիշտ գույն, ինչպես նաև առցանց ուղեցույց է առաջարկում, որն օգնում է ամեն ինչ ինքնուրույն անել տանը։

Աղբյուրը՝ econsultancy.com